ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։ Ենգիբարյանը սպանվել է ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու արձակած կրակոցներից։
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։
Արցախի ՆԳՆ աշխատակիցները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հրաժեշտ են տվել նախօրեին սպանված ճանապարհային ոստիկանության աշխատակից Ժիրայր Ենգիբարյանին (17 ապրիլի, 2022թ)․ Ստեփանակերտ
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Արցախի ՆԳՆ աշխատակիցները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հրաժեշտ են տվել նախօրեին սպանված ճանապարհային ոստիկանության աշխատակից Ժիրայր Ենգիբարյանին (17 ապրիլի, 2022թ)․ Ստեփանակերտ
Նա իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ է արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ու ձերբակալվել:
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տղամարդը եղել է անսթափ վիճակում։