Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Դեմիրճյանի կառավարման տարիներին հանրապետությունում կառուցվել են մի շարք հանրապետական նշանակության շինություններ, օդանավակայաններ, գործարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 90 տարեկան։ Այդ կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել մի շարք կարևոր կառույցներ, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, նաև կառուցվել է Արփա-Սևան ջրատարը, մի շարք գործարաններ և այլն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին (17 ապրիլի, 2022). Երևան
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը։ 1980 թվականին Դեմիրճյանի ջանքերով կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը։
1999 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Նույն թվականին նրան հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։