ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետությունը տոնում է Անկախության օրը։ Այդ առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։
Փաշինյանը հույս է հայտնել, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։
«Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների»,- նշված է կառավարության ղեկավարի ուղերձում։
Գործադիրի ղեկավարը Սիրիայի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Հավելենք, որ Սիրիայում ռազմական գործողություններ են ընթանում 2011 թվականից։