ՌԴ զինվորականները Խարկովի մարզի Իզյում քաղաքից տարհանել են փախստականների առաջին խմբին

Փախստականներին տեղափոխող ավտոբուսների շարասյունը մտել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջան։
Sputnik
ՌԴ զինծառայողները Խարկովի մարզի Իզյում քաղաքից դուրս են բերել փախստականների առաջին խմբին՝ մոտ 100 մարդու։ Նրանց թվում տասը երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ավտոբուսների շարասյունը հատել է սահմանը և Վերիգովկա-Չուգունովկա ավտոմոբիլային անցակետով մտել Բելգորոդի շրջան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։