Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով. Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով

Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 22-րդ սաղմոսով։
«Սիրելի՛ ժողովուրդ, Ճրագալույց է, և ես ցանկանում եմ 2022 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել 22-րդ սաղմոսով։ Ցանկանում եմ, որ այն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում և մեր երկիրը` հավիտյանս»,- ասում է Փաշինյանը։
Այնուհետև նա ընթերցում է սաղմոսը.
«Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով: Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն: Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց: Գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես: Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ»։
Հիշեցնենք` վաղը` ապրիլի 17-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է։ Տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական սուրբ պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Փաշինյանը մասնակցել է Շիրակի մարզի Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին