ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլի 17-ից Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար։ Այս արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են իրենց դրոշը։ Տեղեկությունը հայտնում է lastampa.it-ը։
Ըստ հաղորդագրության` այս պահին Իտալիայում գտնվող նավերը նավահանգիստները ստիպված կլինեն լքել իրենց կոմերցիոն գործունեության ավարտից անմիջապես հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։