Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Վազգեն Մանուկյանը նշում է, որ Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում, կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ, հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։ Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց և հայտարարությամբ հանդես եկավ` ընդգծելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, և ՀՀ իշխանությունները պետք է հետ կանգնեն աղետալի դիրքորոշումից։

«Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։ Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»,- ասում է Մանուկյանը։

Նրա խոսքով` Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Մանուկյանը կարծում է, որ հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։
Լավրովը Միրզոյանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները