ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների 2021 թվականի եկամուտների հայտարարագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթի համաձայն` պետության ղեկավարի նախորդ տարվա եկամուտը 10.2 մլն ռուբլի է կազմել, իսկ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովինը` 14,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, Պեսկովի կինը` Տատյանա Նավկան, վաստակել է 218,5 մլն ռուբլի։
Իսկ ահա ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին դարձել է Կրեմլի՝ նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը. նրա եկամուտը կազմել է 106,8 մլն ռուբլի։ 2020 թվականին նա աշխատել էր 17,6 մլն ռուբլի։
Բացի այդ, հայտարարագրում նշված է Պուտինի սեփականությունը. նրան է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, 18 քմ մակերեսով ավտոտնակ, ԳԱԶ Մ21 մակնիշի երկու ավտոմեքենաներ, «Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա և «Սկիֆ» ավտոկցորդ։
Պուտինն ունի նաև մեկ այլ` 153,7 քմ մակերեսով բնակարան ու 18 քմ մակերեսով ավտոտնակ։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ապա նրա սեփականությունն են 111,7 քմ և 112,5 քմ մակերեսով բնակարանները, 55,3 քմ մակերեսով բնակարանի կեսը, ինչպես նաև 12,6 քմ կայանատեղին։
Բացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի օգտագործմանն է հանձնված 7 967 և 1 406 քմ մակերեսով հողամաս, ինչպես նաև 779,2 քմ բնակարան։ Բացի այդ, նա հայտարարագրել է երկու ավտոմեքենա (Mercedes-Benz V250 և Kia Ceed), ինչպես նաև CAN-AM ձյան և ճահճային մեքենա։