ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ), որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերների հետ: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին հյուրընկալելու ընթացքում, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»,- դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ակադեմիկոսներ Յուրի Հովհաննիսյանին և Գրիգորի Տրուբնիկովին (15 ապրիլի, 2022թ). Երևան
Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում Հայաստանն ունի լավ հնարավորություններ, և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ակադեմիկոսներ Յուրի Հովհաննիսյանին և Գրիգորի Տրուբնիկովին (15 ապրիլի, 2022թ). Երևան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ–ում, նրան ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում էին շնորհել։
Հիշեցնենք` 2019-ին Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար:
2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «Մոսկովիում» (Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: