ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր այդ երկրից Հայաստան է տեղափոխվել 2 000 մարդ, Ռուսաստանից` շուրջ 75 000։ Նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացիություն ունի։ РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև հայտնել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են ավելացնել վարձով բնակարանների թիվը և այդկերպ կարգավորել վերջին շրջանում վարձակալության՝ 20-25%-ով աճած գները։
«Իրավիճակը կարգավորելու համար իշխանությունները աշխատում են կառուցապատողների և անշարժ գույքի գործակալների հետ՝ չբնակեցված բնակարանները վարձակալության շուկա բերելու համար։ Կառուցապատողները կապ են հաստատում տների և բնակարանների սեփականատերերի հետ, որպեսզի, եթե մոտ ապագայում նրանք մտադիր չեն բնակվել դրանցում, կարողանան այդ գույքը վերցնել տնօրինության տակ և փոխանցել, այսպես կոչված՝ վարձակալության բնակարանների շուկա»,- ասել է Քերոբյանը։
Բացի այդ, Երևանում կան մի քանի տասնյակ հազար չբնակեցված երկրորդային բնակարաններ և , ըստ նախարարի, գործակալները փնտրում են դրանց տերերին, որոնք հիմնականում Հայաստանում չեն, այդ բնակարանները ևս վարձակալության հանձնելու համար։
Քերոբյանը հույս է հայտնել, որ այս ամենի արդյունքում առաջիկայում որոշակի գնանկում կլինի վարձակալության շուկայում:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են ժամանակավորապես հաստատվել մեր երկրում։
Որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։