QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան

Ավելի վաղ առողջապահության նախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով այս պահին ավելի բարենպաստ իրավիճակ է, սակայն QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի»,- ասաց նախարարը։
Նշենք, որ փետրվարի 10–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 8-ով և դարձել 422 729: Մահվան դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարի հրամանի` հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Մշակութային կենտրոններից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանափակման հետևանքով միջինը 45-60 տոկոս տոմսերի վաճառքը պակասել է։