ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Գյումրու ավագանու այսօրվա նիստը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սկսեց բարի լուրով՝ 10%-ով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։
Հունիսի 1-ից քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների 2023 աշխատակիցներ աշխատավարձի բարձրացում կունենան: «Քննարկել ենք 2 կուսակցությունով` ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամներով, և եկել ենք այն եզրակացության, որ պետք է 10%-ով բարձրացնենք աշխատավարձերը՝ գնաճի պայմաններում մեր աշխատակիցների սոցիալական վիճակը մի փոքր մեղմելու համար: Հետագայում կտեսնենք՝ մեր սուղ միջոցները եթե բավարարեն, ընթացքում էլի կփորձենք բարձրացնել՝ կա՛մ հաջորդ տարվանից, կա՛մ ընթացիկ»,- նշեց քաղաքապետը։
Արված հայտարարությունը հարուցեց մյուս խմբակցությունների ներկայացուցիչների զայրույթը, նրանք նշեցին, որ այդ հարցն իրենք ևս բարձրացրել են ավագանու այս գումարման առաջին նիստից սկսած: «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նշեց, որ աշխատավարձերը բարձրացնելու հարցը մտահոգել է բոլորին, ավելին, իրենք ներկայացրել են 20%-ով բարձրացնելու հարցը։ «Իրականում վիրավորական է, որ երկու խմբակցությունն արդեն իսկ որոշել են, նման հայտարարություն է այստեղ արվում։ Աշխատակիցներն էլ, հանրությունն էլ թող իմանան, որ ի սկզբանե խոսվել է խելամիտ ու ողջամիտ 20%-ով բարձրացնելու մասին, թե ինչու է հիմա 10%-ով բարձրանում, պարզ չէ»,- ասաց Կարեն Մալխասյանը։
Քաղաքապետն էլ պատասխանեց` եթե միջոցների տեղն էլ ցույց տան, 20՝ չէ, 120%-ով կբարձրացնեն։ Սամսոնյանը վստահեցրեց, որ սուղ միջոցների պատճառով, աշխատավարձն այս պահին հնարավոր է միայն 10%-ով բարձրացնել: