Արցախում գազի գինը կբարձրանա. մայիսի 16-ից նոր սակագներ կգործեն

Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի դեպքում գնաճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ` գազի գինը կբարձրանա, տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայության և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։
Հանձնաժողովն այսօր նիստ է արել և առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը:

Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝ ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։ Իսկ 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագնին, ապա այն սահմանվել է այսպես` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%։ Իսկ, ահա, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը նույնպես բարձրացել է` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%: