Սրճարաններում ծխողներ չկան. օրենքի դրույթները նախատեսվածից լավ են պահպանվում

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հանրային սննդի օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթների կիրառմանն ու արդյունքներին։
Sputnik
Հասարակությունը դրական է ընդունել հակածխախոտային օրենքը, ու թեև հանրային առողջապահական միջամտությունները սովորաբար նաև քննադատության են արժանանում, այդուհանդերձ, հաճելի է արձանագրել, որ օրենքի դրույթները պահպանվում են նախատեսվածից ավելի լավ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

«Հանգստյան օրերին սովորաբար քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով` իրականացնելով անձնական մոնիտորինգ, թեև մեր ինստիտուտում կա մասնագիտացված խումբ, որն իր հերթին նույնպես դիտարկումներ է անում, հավաքագրում է ահազանգերն ու աշխատում մարդկանց հետ, հետևում, թե ինչպես են կյանքի կոչվում հակածխախոտային օրենքի դրույթները, ինչի հիման վրա պատրաստվում է ամփոփ տեղեկատվական հաշվետվություն, որն էլ ներկայացվում է առողջապահության նախարարությանը»,- տեղեկացրեց նա։

Բազարչյանի խոսքով` թեև որոշ դեպքերում արձանագրվել են խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում հակածխախոտային օրենքն ամբողջությամբ գործում է, և տարբեր մարմինների կողմից իրականացվում է պատշաճ վերահսկողություն։ Ըստ նրա` մասնագիտացված փակ ակումբների հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց դա նույնպես կքննարկվի։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև ծխախոտային ապրանքատեսակների բաց վաճառքի և գովազդի արգելքի արդյունքներին` նշելով, որ այդ հարցում նույնպես օրենքի դրույթները պահպանվում են, թեև գրանցվել են առանձին դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ տուգանվել են խախտումների համար։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք դրույթներ:
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ են մտել նաև հանրային սննդի օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդմ` արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
Մի՛ բողոքեք հակածխախոտային խստացումից. ծխախոտ տարածողներին ժամանակին մահապատժի են ենթարկել