Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին և հարազատներին ներկայացրել է նրանց հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։
Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր` գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով` կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։