Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում 1160 զինվորական է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում գերի է հանձնվել Ուկրաինայի 1160 զինծառայող, այդ թվում՝ 176 սպա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլ քաղաքի ազատագրման գործողությունների ժամանակ այս գիշեր զենքերը վայր է դրել և հանձնվել ուկրաինացի ևս 134 զինծառայող, այդ թվում՝ 14 սպա։ Մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կամավոր գերի է հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1160 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 176 սպա»,- ասել է գեներալը։
Նա նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է հակառակորդի 12 օբյեկտ։ Այդ թվում՝ Վելիկայա Միխայլովկա և Բոգատիր բնակավայրերում` Ուկրաինայի ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Դնեպր» օդանավակայանում` ՄիԳ-29 ուկրաինական կործանիչ, Մի-8 ուղղաթիռ և Bayraktar TB2 անօդաչու։
Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։

«Դրանց թվում` կառավարման 2 կետ, ռադիոլոկացիոն կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 դիրք, հրետանային մարտկոց, հրթիռահրետանային սպառազինության 6 պահեստ, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 48 վայր»,– ասել է Կոնաշենկովը։

Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 131 ինքնաթիռ, 104 ուղղաթիռ, 245 ԶՀՀ, 448 ԱԹՍ, 2179 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 248 կայանք, դաշտային հրետանու 944 զենք և ականանետ, ինչպես նաև 2088 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։