ՀՀ ՔԿ-ն ՌԴ քաղաքացու մահվան մասին մանրամասներ է հայտնել

Երևանում նա ապրում էր վարձակալած բնակարանում, որի պահարանում էլ հայտնաբերվել է դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկում 1 շաբաթ առաջ հայտնաբերված ՌԴ քաղաքացու մահվան վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը նշեց, որ նախնական տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։
Նրա խոսքով` ՌԴ քաղաքացուն գտել են պահարանում` կախված վիճակում։

«Ներկա պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ մահացածը Եկատերինբուրգից էր` փաստաբան Վիկտորյա Պոպովան։ Երևանում նա ապրում էր վարձակալած բնակարանում, որի պահարանում հայտնաբերվել է դին։
Վիկտորյայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան, դռան մոտ լսել է հեռախոսի ձայնը, սակայն արձագանք չի եղել, ինչից հետո ոստիկանություն է կանչել։