ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության հարցերում ավելի մեծ փոխադարձ աջակցության կարիք ունեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը` պատասխանելով հարցին, թե ինչն է ամենից շատ պակասում հայ-ռուսական հարաբերություններում։
Բացի անվտանգության գործոնից, Միխեևը կարևորեց նաև տնտեսության դերը:
«Անկեղծ ասած, ինձ թվում է, որ Հայաստանին ու Ռուսաստանին պակասում է ընդհանուր սահմանային ու ցամաքային հաղորդակցությունը։ Այս խնդիրը վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը։ Կարծում եմ` ռուս–հայկական հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, իսկ անվտանգության հարցերում` փոխադարձ աջակցության ավելի մեծ վստահությունը»,- ասաց նա։
Միխեևը վստահ է, որ առանց ռուսական ռազմակայանի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի տարածք, իսկ թուրքական զորքերն ուղղակիորեն կներգրավվեին մարտական գործողություններին։
«Մենք բոլորս պետք է հասկանանք մի պարզ բան` Թուրքիան իր դիրքորոշման ողջ մեղմությամբ (ռուսական քաղաքականության նկատմամբ), եղել և մնում է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը և ՆԱՏՕ-ի անդամ է: Էրդողանը նույնպես մարդ է, վաղ թե ուշ նա չի լինի։ Եվ այն ամենը, ինչին նա հասել է Կովկասում, Կասպից ծովում, Մերձավոր Արևելքում, ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի։ Հայաստանը շատ աննախանձելի դեր կունենա այս խաղում»,- ասաց փորձագետը։
Ըստ Միխեևի` Մոսկվան կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիայի զարգացումը ճիշտ է և անհրաժեշտ։ Սա բխում է երկու երկրների երկարաժամկետ շահերից։