Արևմուտքը տեղեկատվության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է դրսևորում. Լավրով

ՌԴ արտգորնախարարը նշել է, որ արևմտյան բռնաճնշումների հոսքի տակ են ընկնում և՛ սոցցանցերի առանձին օգտատերեր, և՛ խոշոր ԶԼՄ-ներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ ու պաշտպանել սեփական շահերը, Արևմուտքը թաղեց տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Այս մասին այսօր Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում` «Թվային միջազգային հարաբերություններ-2022» խորագրով կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ, հիմնվել իր իրական, օրինական, ազգային շահերի վրա, Արևմուտքի` տեղեկատվությանը ազատ հասանելիություն ապահովելու անհրաժեշտության մասին բոլոր պարտավորությունները մոռացվեցին և թաղվեցին»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքը պարզապես փակում է բոլոր այն աղբյուրների հասանելիությունը, որոնք իրեն դուր չեն գալիս։

«Արևմուտքն այլակարծության նկատմամբ տոտալիտար անհանդուրժողականություն է ցուցաբերում։ Արևմտյան ճնշումների հոսքի տակ են ընկնում և՛ սոցցանցերի առանձին օգտատերեր, և խոշոր ԶԼՄ–ներ` տարիներով ստեղծված նորությունների և գնահատականների տարածման իրենց ողջ ենթակառուցվածքով»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով` արևմտյան առցանց հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսական աղբյուրները։

«Անում են դա ցուցադրաբար, առանց քաշվելու։ Օրերս Youtube-ը սահմանափակեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետև նույնանման միջոցների ենթարկվեց Պետդումայի էջը»,- ասել է ՌԴ նախարարը։

Նա հավելել է, որ նախարարության հրապարակումների հետ կապված չհիմնավորված սահմանափակումներ է անում նաև Twitter-ը։
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ՌԴ-ն կշարունակի օգտագործել արևմտյան տեղեկատվական հարթակները, բայց հույսը դնելու է հայրենականի վրա։
Ըստ նրա` ԱԳՆ-ն ակտիվորեն աջակցելու է «Одноклассники»-ին և Rutube-ին։
ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրել է նաև, որ կիբեռվտանգների ֆոնին ԱԳՆ-ն կանի ամեն բան՝ տեղեկատվական անվտանգությունն ուժեղացնելու համար։

«ԱԳՆ-ն ընդհանուր միտումից հեռու չի մնում` ակտիվորեն զարգացնելով թվային օրակարգը, անելու ենք անհրաժեշտ ամեն բան ԱԳՆ-ի շրջանակում տեղեկատվական անվտանգությունն ուժեղացնելու համար` նպատակ ունենալով արդյունավետ պայքար մղել կիբեռվտանգների դեմ, որոնք նկատելիորեն աճել են»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր ԵՄ-ում մի շարք ռուսական ԶԼՄ-ների աշխատանքի արգելափակման մասին։ Ըստ նրա` նման սահմանափակումներն արվել են Ուկրաինայում հատուկ գործողությունների պատճառով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։