ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։ Այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` հավելելով, որ դա այն կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։
«Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար»,- ասաց Աժ նախագահը։
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։
«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- ասաց Թովյմասյանը։
Արցախի խորհրդարանի ղեկավարն իր ելույթն ավարտեց՝ Արցախի 3 պատերազմների զոհերի ու 2022թ-ի մարտին Քարագլխի մոտ զոհված նահատակների հիշատակին լռության րոպե հայտարարելով։
Դրանից հետո Արցախի խորհրդարանն անցավ օրակարգում ներկայացված հայտարարության քննարկմանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։