ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նամն կարծիք հայտնեց Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության անդամ Իգոր Կուլեշովը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարող են հարցականի տակ հայտնվել ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական առաքելությունները Ուկրաինայի հակամարտության երկու կողմերում գտնվող երկրների ատոմակայաններում, Կուլեշովը (նա ՄԱԳԱՏԷ-ում աշխատելու փորձ ունի) նշեց, որ կազմակերպությունը, ի թիվս այլ բաների, վերահսկում է միջուկային սպառազինությունների չտարածման մասին պայմանագրի կատարումը:
Այդ պատճառով միջուկային օբյեկտներ ունեցող բոլոր երկրները պետք է իրենց մոտ ընդունեն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք ստուգում են այդ օբյեկտներն ու միջուկային վառելիքի բաղադրությունը (մասնավորապես, որ այն չգերազանցի ատոմի հարստացման նորմերը)։
«ՄԱԳԱՏԷ-ն զուտ տեխնիկական կազմակերպություն է, և կարծում եմ, որ նման տեսչական առաքելությունները շարունակվելու են, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր», - նշեց Կուլեշովը։
Նշենք, որ ապրիլի 12-ին Ատոմային էներգետիկայի վետերանների միջազգային միությունը Մեծամորի կայանում «Ատոմային էներգետիկայի դերը ժամանակակից հասարակության զարգացման գործում» խորագրով համաժողով է անցկացրել: