Պատգամավորներին Արցախ չթողնելու հարցով կապի մեջ էինք ռուսական կողմի հետ. Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն ասաց, թե ինչ քայլեր են արվել, երբ իմացել են, որ ՀՀ պատգամավորներին չեն թույլատրում մուտք գործել Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Այն պահից, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իմացել է, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, սկսել է գործողություններ ձեռնարկել։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկվա դեպքին։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։ Սակայն նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Դեպքի առնչությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳՆ–ն։

«Երեկ մենք կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ, և՛ ՌԴ իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Ռուսական կողմից մեզ հավաստիացրել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։ Այսինքն` մեզ ասել են, որ պատգամավորների մուտքը նպատակահարմար չէ, քանի որ հնարավոր է` սադրանքներ լինեն»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան ԼՂ։