ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և հասել 659471-ի. Փաշինյան

Աղջիկը գրասենյակում. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2021 թվականի գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և ավելի կաճի 2022 թվականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անցյալ տարի գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659471-ի, ինչը ռեկորդային է Հայաստանի համար և 12%-ով գերազանցել 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։ 2022 թվականին այս ցուցանիշն էլ ավելի կաճի, քանի որ բյուջեով լրացուցիչ կապիտալ ծախսեր են նախատեսված՝ 2021 թվականի համար նախատեսվածից 55 տոկոսով ավելի։
2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացրել` տարեսկզբի պլանավորվածի համեմատ 100 տոկոսով։
«Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել։ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24.7 մլդ դրամով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և 65.8 մլդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը»,–ասաց Փաշինյանը։
Բացի այդ աճել է նաև հարկերի հավաքագրման ցուցանիշը. 2021 թվականին նախատեսվածից 147 մլրդ դրամով ավելի է հավաքվել։
Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիչի» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատել են Հայաստանին տրված կայուն հեռանկարով վարկանիշները` վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունը։
Վարչապետի խոսքով`սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր և կարևոր գնահատականներ են: