Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել (13 ապրիլի, 2022թ)․ Ստեփանակերտ
Արայիկ Հարությունյանը շեշտել է` հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։