Անօրինական մեկնումն ԱՄՆ կանխվել է. մինչև 8000 դոլար կաշառք է տրվել ապօրինի թղթերի դիմաց

ՀԿ-ի նախագահը այդ անձանց նախկին ամսաթվերով ձևակերպել է որպես կազմակերպության անդամ ու աշխատակից։
Sputnik
Հայաստանից մի խումբ անձանց ԱՄՆ անօրինական մեկնումը կանխվել է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից նրանք հրավիրվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Խմբի անդամները ներկայացել են որպես թիավարությամբ զբաղվող անձինք, սակայն իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարության հետ կապ չունեն։

«Ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով խոստացել էր կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ։ Այդ նպատակով նրանցից վերցրել էր, նախնական տվյալներով՝ 1500-ից 8 հազար դոլար: Իսկ մեկնելու առիթը ապրիլի 18-ից 28-ը Ֆլորիդա նահանգում տեղի ունենալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելն էր»,- նշված է հաղորդագրությունում:

Պարզվել է նաև, որ հասարակական կազմակերպության նախագահը քրեական ոստիկանություն հրավիրված անձանց հետին թվով ձևակերպել է որպես կազմակերպության անդամներ ու աշխատակիցներ։ Նաև կազմակերպել է նրանց անվամբ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելու գործընթացը:
ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու համար։