Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ

Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-2023թթ-ի չորս զորակոչի ընթացքում օրենքի հնարավոր շահառուների թիվը 52 կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը` մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին։
«Նորից «մամ» ասող կունենամ». զոհված Գարիկի նորածին եղբայրը ծնողներին ժպտալ է սովորեցրել
Մինչ քվեարկությունը հեղինակը հայտնեց , որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որոնց` զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 68 կողմ ձայնով։ Ընդդիմությունն այսօրվա նիստին ներկա չէր, հետևաբար չմասնակցեց քվեարկությանը։
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»–ը նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյա նիստերը և մեկնում են Արցախ, Տավուշ, Սյունիք ու Գեղարքունիք` զբաղվելու երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծմամբ։
Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն բանակից
Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-ի ամառային զորակոչին օրենքի շահառու կդառնա 10, ձմեռային զորակոչին՝ 17, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում հնարավոր շահառուների թիվը 52 կլինի: