«Թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին». Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպումից հետո

Լուկաշենկոն հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե Ուկրաինայում հատուկ գործողությունն ուշանար, Ռուսաստանի տարածքին կհարվածեին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Եթե Ռուսաստանը մի փոքր ուշացներ ռազմական գործողությունը, ապա պատրաստվում էին ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանի տարածքին և հարևան շրջաններին»,- ասել է նա։
Լուկաշենկոն հայտնել է նաև, որ ՌԴ ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության հարցը։
«Դուք գիտեք, որ «կրտսեր» և «ավագ» եղբայրները ստեղծեցին ընդհանուր խմբավորում, ընդհանուր բանակ արևմուտքում: Հիմա մեզ հարվածում են ոչ պակաս, քան Ռուսաստանին։ Ասում են ագրեսորներ և այլն, իսկ նրանք չգիտեի՞ն, որ մենք ընդհանուր բանակ ունենք: Եվ եթե կա ընդհանուր բանակ, ապա մի մասը չի կարող կռվել, մյուսը` նստել տանը»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին, և սա էր մեր գործողության էությունը, մեր մասնակցությունն այս ամենին», - ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսն «արդեն ներգրավված է» Ուկրաինայի հակամարտության մեջ. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։