Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Արցախ
Խաղաղապահ զորախումբը հարթել է միջադեպը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը մեկ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող է վիրավորվել: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, հարթել է միջադեպը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։