ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն, որի փոխարժեքը կայունացավ համաշխարհային տնտեսության ապագլոբալացման անհնարինության պատճառով։ Global Times–ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Բրեդլի Բլանքենշիփը։
«Մարտի 26-ին Վարշավայում ելույթ ունենալիս Ջո Բայդենն ասել էր, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով «ռուբլին աղբի է վերածվել»։ Այս պնդումն ակնհայտ չափազանցություն էր, և իրականությունն այն հերքեց. Ուկրաինայում ՌԴ–ի կողմից հատուկ ռազմական գործողությունների մեկնարկի պահից ռուբլին գրեթե ամբողջությամբ վերականգնեց կորցրած դիրքերը», – գրել է փորձագետը։
Նա նշել է, որ Մոսկվայի հետ տնտեսական պայքարի մեջ մտնելով` Արևմուտքը գերագնահատել է իր հնարավորությունները։
«Այսպես, օրինակ, պարզվեց, որ ռուսական էներգառեսուրսները համաշխարհային տնտեսության համար անփոխարինելի են, իսկ դրանց իրացման շուկան միայն ԱՄՆ դաշնակիցներով չի սահմանափակվում»,– ընդգծել է Բլանքենշիփը։
Փորձագետը նշել է, որ հակառուսական միջոցներ են կիրառել հիմնականում միայն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրները, մյուս պետությունները դա չեն արել, քանի որ տնտեսության գլոբալացման պատճառով տնտեսական կապերի և մատակարարումների քայքայումը կհարվածեր հենց իրենց։ Այդպիսով` Մոսկվայի համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, բաց են այն շրջանների շուկաները, որոնք չեն ցանկանում և չեն կարող խզել Ռուսաստանի հետ տնտեսական փոխշահավետ կապերը։
«Այդպես է աշխատում գլոբալիզացիան։ Անկասկած, ինչ–որ տեղ ՌԴ ԿԲ–ի ֆինանսական կախարդանքի մասին պատմություններ են շրջանառվում, սակայն ռուբլու կայունացման կարևորագույն պատճառն այն էր, որ ապագլոբալացումն անհնարին էր։ Դա համաշխարհային տնտեսության անբաժան և մշտական հատկանիշն է», – ասել է Բլանքենշիփը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31–ին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1–ից սկսած` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։