Եվրամիությունը ընդունել է «հետկոնֆլիկտային իրողությունները». Իլհամ Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել. Արխիվային լուսանկար
Ալիևն ասել է, որ Շառլ Միշելի հետ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունն ընդունել է Հարավային Կովկասում «հետկոնֆլիկտային իրողությունները»։ Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Պատերազմից հետո (Ղարաբաղում – խմբ.) Եվրոպական միության հետ մեր շփումներն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»,–հայտարարել է Ալիևը։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել Է 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումների մասին:
«Փորձագետները և ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ։ Չի հիշատակվում նաև «հակամարտություն» բառը։ Եվ դա բնական է, քանի որ հակամարտություն չկա»,–պնդում է Ալիևը:
Նա կրկին հայտարարել է, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորությամբ: