ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի մայրը որդի է ունեցել` 3 կգ քաշով և 50 սմ հասակով։ Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» ԲԿ–ն։
Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
«Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը Կարեն Միրզոյանի և Արաքսյա Մկրտումյանի հետ
© Photo : Screenshot / Erebouni MC
Հղիությունը բարդ չի անցել, բժշկի հետ հաղթահարել են ընթացիկ խնդիրները: Փոքրիկ Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:
«Կոպիա մյուս Կարենն է, ոնց որ նորից վերածնվեց։ Դեմքով, շարժումներով նման է Կարենիս»,– նշել է Արաքսյան։
Այժմ Ագարակում բոլոր հարազատներն ու ընկերներն անհամբեր սպասում են փոքրիկ Կարենի և մոր տունդարձին։
Նորածին Կարեն Միրզոյանի մայրը՝ Արաքսյա Մկրտումյանը «Էրեբունի» ԲԿ-ում
© Photo : Screenshot / Erebouni MC
44–օրյայում զոհված Կարեն Միրզոյանը ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:
2019 թվականին Կարենը ընդունվել է Ագրարային համալսարան, առաջին կուսից ուսումը կիսատ է թողել և 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախում` Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:
Զոհվել է Շուշիում` եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ։