Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի. Մամիջանյան

«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու` ընդդիմության որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելու պայքարի սիմվոլ։ Այսօր ԱԺ դահլիճում Արցախի դրոշները տեղադրելուց ու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի մարզկենտրոն մեծ քաղաքներում, փոքր քաղաքներում ու հիմա արդեն կծածանվի նաև ԱԺ դահլիճում։ Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որ ՀՀ ԱԺ–ում լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, պիտի որ նեղվի Արցախի դրոշի ներկայությունից»,– ասաց Մամիջանյանը։
Արձագանքելով Արցախի դրոշը ՀՀ տարբեր համայնքներում տեղադրելու` ընդդիմության արշավի վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին` Մամիջանյանը պատասխանեց, որ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է և ոչ բուն պայքարը։ ՀՀ իշխանություններին էլ խորհուրդ տվեց մտածել` ինչ Հայաստան են կառուցել, որ հարց է` արդյոք կհաջողվի Արցախի դրոշը տեղադրել, թե ոչ։
«Բնականաբար, պայքարը դրոշի շուրջ լինել չի կարող», – ասաց Մամիջանյանը` վստահեցնելով, որ պայքարի բոլոր կետերն առաջիկայում բոլորի համար տեսանելի կլինեն։
«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու իրենց որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ։