ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։ Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հավելենք, որ Հովսեփյանը կալանավորվել է դեռ 2021-ի սեպտեմբերին։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։