Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Երևանի և Բաքվի միջև սկսվող խաղաղ բանակցությունները կլինեն Թուրքիայի կառավարության նիստի օրակարգային թեմաներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցերը կքննարկվեն ապրիլի 12-ին Թուրքիայի կառավարության նիստում։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber լրատվականը։
Նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստում անդրադարձ կլինի ուկրաինական իրադարձություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։ Նշվում է, որ նիստից հետո Էրդողանը դիմելու է ժողովրդին։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման երկկողմ հանձնաժողով։