ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, ուղիղ և բաց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ավստրիական մամուլի գործակալությանը։
Նեհամերն ասել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձը մեկն է եղել` Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ պատերազմում երկու կողմից միայն պարտվողներ են լինում:
Կանցլերը հայտարարել է, որ դա բարեկամական այց չէր, և ինքը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու և խստացվելու են:
Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։
Ավստրիացի կանցլերը առաջին եվրոպական առաջնորդն է, որ Ռուսաստան է այցելում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո: Երեկ Նեհամերնայցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել ուկրաինական իշխանությունների հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։