Մայր Աթոռում Ծաղկազարդ էր ու երեխաների օրհնության օր

Պատարագի ավարտից հետո Սուրբ Գայանե վանքի շրջափակում կատարվել է մանուկների օրհնության կարգ։
Sputnik
Ապրիլի 10-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդն ու երեխաների օրհնության օրը։
Բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվել են ուռենու ոստերը, առավոտյան ժամերգությունից և անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվել են մարդկանց: Ծաղկազարդին բացվել են եկեղեցիների խորանները, պատարագի ավարտին տրվել է հաղորդություն, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պատարագի ավարտից հետո Սուրբ Գայանե վանքի շրջափակում կատարվել է մանուկների օրհնության կարգ։