Կրակոցներ Գորիսում. 56-ամյա տղամարդը մահացել է

Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Ապրիլի 10–ին, ժամը 23։20-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գ. Խաչատրյանն է։
Նշվում է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հ. Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։