«Խոսրովի անտառի արքան է՝ իր գահին հաստատված». ընձառյուծը ֆոտոխցիկների թակարդում է հայտնվել

Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում սպանվել է 75 կենդանի։
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոխցիկների թակարդում կրկին կովկասյան հովազն է հայտնվել, սակայն այս անգամ Նեոն է որոշել իր գեղեցկությունը ցուցադրել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հովազի ողջ շքեղությունը։
«Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը: Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում»,–գրված է տեսանյութին կից։
Միաժամանակ, արգելոցը հիշեցնում է, որ, ցավոք, ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում տարիների ընդմիջումից հետ հայտնված առաջին հովազը` Նեոն ֆոտոթակարդի միջոցով արձանագրվել էր 2018թ.–ի ապրիլին։ Երկու տարի անց` 2020թ․-ին նկարահանվել էր Հայաստանում հայտնված երկրորդ հովազը` էգ առանձնյակ Նովան։
Կովկասյան հովազը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից: Խորհրդային տարիներին որսորդների համար այն եղել է արժեքավոր ավար թանկարժեք մորթու պատճառով։
Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում սպանվել է 75 կենդանի։
1972-ին խորհրդային իշխանությունները արգելեցին հովազի որսը, իսկ 1989-ին ՀՀ տարածքում մնացած շուրջ 20 առանձնյակներն ընդգրկվեցին Հայաստանի «Կարմիր գրքում։