ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն որոշել է Հայաստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը նրանց ներկայացնել հենց ՀՀ սահմանային անցակետերում ու օդանավակայանում։ Այդ նպատակով հրապարակվել են հայերեն ու ռուսերեն տեղեկատվական թերթիկներ և բուկլետներ, որոնցում ներկայացված են անձնական իրերը ՀՀ ներկրելու կարգից մինչև Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի պատասխանները։
Իրազեկման թերթիկում նշված է, որ օտարերկրացին Հայաստանում կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։
ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնում է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ։
Հավաստագիր ստանալու հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար օտարերկրացին կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն։
Ինչ վերաբերում է հարկերին, ապա մինչև 24 մլն դրամի իրացման շրջանառություն ունեցող ընկերություններըգրանցվում են միկրոձեռնարկատիրության համակարգում և ՀՀ օրենսդրությամբ ազատվում շրջանառության հարկից։ Նրանք վճարում են միայն իրենց աշխատողների համար եկամտահարկ՝ ֆիքսված 5000 դրամ անկախ աշխատավարձի չափից, սոցվճարը և դրոշմանիշային 1000 դրամ հարկ։
Մինչև 115 մլն դրամի իրացման շրջանառություն ունեցողները ՀՀ–ում հարկվում են շրջանառության հարկով։ Նրանք ազատված են ԱԱՀ–ից։
ԵԱՏՄ անդամ պետություններից իրենց անձնական օգտագործման ապրանքները Հայաստան տեղափոխողներին ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ դրանք ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարումների։
Բայց եթե նույն ապրանքը ՀՀ Է գալիս երրորդ երկրի տարածքով, այդ դեպքում տեղափոխողը պետք է ներկայացնի տարանցիկ հայտարարագիր:
Սեփական ավտոմեքենան ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան տեղափոխելու դեպքում ևս հայտարարագրի անհրաժեշտություն չի առաջանում։ Բայց երրորդ երկրից ներմուծելիս ավտոմեքենան կարող է ներկրվել ժամանակավոր ներմուծման ընթացակարգով` ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Բացի այդ, ցանկացած ավտոմեքենա Հայաստան տեղափոխելիս անհրաժեշտ է կնքել ԱՊՊԱ պայմանագիր, որի բացակայությամբ ավտոմեքենան վարելու համար տուգանքը կազմում է 100 000 դրամ։ Ժամանակավոր ներմուծման պարագայում ավտոմեքենան 1 տարին լրանալուց հետո չարտահանելու դեպքում ևս ներկրողը կտուգանվի:
Հիշեցնենք` ուկրաինական իրադարձությունների ու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ (հիմնականում` ՌԴ–ից, Բելառուսից ու Ուկրաինայից) տեղափոխվել են Հայաստան։ Ոմանք նաև իրենց բիզնեսն են մեր երկիր տեղափոխել ֆինանսատնտեսական սահմանափակումներից խուսափելու ու դրանք ինչ–որ առումով շրջանցելու համար։
ՀՀ ԿԲ տվյալներով` 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել է մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար, որոնց ճնշող մեծամասնությունը ՌԴ ֆիզիկական անձինք են։