Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիային նոր կործանիչներ վաճառելու ամերիկյան ծրագիրը

Նիկոս Դենդիաս
Պաշտոնյան շեշտել է, որ Հունաստանը չի կարող ողջունել Թուրքիայի վերազինումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ ազգային անվտանգային շահերին։
Ինչպես հայտնում է ermenihaber.am–ը, նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։
Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի դեպքում դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին F-16 40 կործանիչների, ինչպես նաև իր ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացման 80 սարքավորումների գնման խնդրանքով: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նամակ է հղել Կոնգրեսին, որտեղ ասվում է` Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին:
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն