Երևանի մետրոյում ուղևորափոխադրումների թիվն աճել է. որո՞նք են պատճառները

10 օրում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոն 163 618 ուղևոր ավել է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոյում ուղևորափոխադրումների թիվն էականորեն աճել է։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ վերոհիշյալ ժամանակահատվածում մետրոն ունեցել է 609 632 ուղևոր, ինչը 163 618 ուղևորով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուղևորների քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստան ժամանած զբոսաշրջիկներով, ինչպես նաև քաղաքի խցանումներով։