Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնի

Պատասխանատուները քաղաքացիներին կոչ են անում, այնուամենայնիվ, 100 դրամանոցներ ունենալ իրենց մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանցիները տրանսպորտ նստելուց առաջ այլևս ստիպված չեն լինի գումար մանրել ու նախապես 100 դրամանոցներ հայթայթել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի համապատասխան հրամանի, հանրային բոլոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ մանրադրամներ կունենան` քաղաքացիների գումարները մանրելու համար։
«Բոլորին տրվել է 10 000-ական դրամ` ավանսի տեսքով։ Պատեհ առիթից օգտվելով` ուզում են մեր բնակիչներին կոչ անել, այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց, որովհետև դա օրական շրջանառության ընդամենը 15 տոկոսը կկազմի և, ցավոք սրտի, չի բավականացնի։ Անհրաժեշտ է, որ շարունակենք ունենալ 100 դրամ` տրանսպորտից օգտվելու համար»,– ասաց Թարփոշյանը։
Նշենք, որ ուղևորները հաճախ են ասում, որ իրենց մոտ 100 դրամանոց չի լինում, ինչի հետևանքով չեն կարողանում վճարում կատարել ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված սարքերի միջոցով, իսկ վարորդների մոտ էլ չի լինում մանրադրամ։
Ապրիլի 10-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ խնդրի լուծման համար համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներին 100 դրամանոցներ կտրամադրի։
Քաղաքապետի հանձրարարականն ուժի մեջ է մտել այսօրվանից` ապրիլի 11-ից։