ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ ֆեյսբուքյան էջից։
ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Ռոքֆոյը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
Ավելի վաղ համանախագահի հետ հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պարզ չէ, թե ինչ կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը: Նրա խոսքով՝ նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ նաև այդ ձեւաչափով: