Անկարայում կասկածում են, որ ականները Սև ծով են նետել Թուրքային ճնշելու համար

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է` ինչ նպատակ կարող էր հետապնդել դա անող երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ականները կարող էին Սև ծով նետվել Անկարային ճնշելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, գրում է թուրքական Hürriyet-ը։

Աքարը մանրամասնել է` հնարավոր է` ականները նրա համար են, որ Թուրքիան ստիպված լինի ռազմական նավեր (ականազերծելու նպատակով) մտցնել Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ, ինչն արգելված է Մոնտրյոյի կոնվենցիայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ լուրեր կան, որ ծով է նետվել 400 ական, դրանք ռուսական արտադրության են, սակայն հայտնի չէ՝ որ երկիրն է նետել։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում նաև Ռումինիայի և Բուլղարիայի հետ։ Թուրք պաշտոնյան ևս մեկ անգամ նշել է՝ Թուրքիան Մոնտրյոյի համաձայնագրի համաձայն ռազմանավերի մուտքը Սև ծով չի թույլատրելու։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան: Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին նախազգուշացում էին ուղարկել։
Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն առնվազն երեք անգամ հայտնել է ականների հայտնաբերման և չեզոքացման մասին։