Անձրևների պատճառով Երևանում հանրային տրանսպորտի վթարներն ավելացել են

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վերջին 1 շաբաթվա ընթացքում` ապրիլի 4-10-ը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից շահագործվող 23 ավտոբուս է վթարի ենթարկվել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը` հավելելով, որ վթարները լուրջ հետևանքներ չեն ունեցել։
«Այս մի քանի անձևային օրերը ոնց որ թե նպաստավոր պայմաններ ստեղծեցին վթարների ավելացման համար»,– ասաց Թարփոշյանը։
Տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։
Պաշտոնական տվյալներով` անցած շաբաթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից սպասարկվող երթուղիներում շահագործվել է 2011 ավտոբուս։
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը երթուղի դուրս կգա հունիսի 1-ից։
Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնի
Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանի քաղաքապետարանը գնեց 311 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականին նախատեսում է գնել 200–ը, այդ թվում՝ 100 հատ 12 մետրանոց և 100 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ: Նշենք, որ առաջիկայում կներդրվի ուղեվարձի գանձման նոր համակարգ և կգործարկվի հասարակական տրանսպորտի կառավարման կենտրոնը, որը կհամակարգի աշխատանքները։
Միասնական տոմսային համակարգին անցնելու համար մրցույթ է հայտարարվել, քննարկումներ են ընթանում տեխնիկական չափորոշիչները համապատասխանեցնելու շուրջ։