ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Գյուղապետը հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը, բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից, առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ
«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական շտաբը միաժամանակ նշում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի:
«Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են, և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո»,– ասված է հաղորդագրությունում:
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։