Ուզում ենք մարդկանց մոտ պահել ազգային արժեքներին. Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը

«Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսի ներքո գյումրեցիները քայլերթ են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել է նաև ՀՀ Շիրակի մարզը։
ՀՀԿ–ական և ՀՅԴ–ական գյումրեցիները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսի ներքո քայլերթ են կազմակերպել «Խաղաղության օղակ» պուրակից մինչև Զորավար Անդրանիկի պուրակ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նախաձեռնության անդամները շեշտեցին` թեև վստահում են գյումրեցիների «թասիբին», բայց պատրաստ են նաև շուրջօրյա հսկողություն սահմանել։
Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը
Նշենք, որ օրերս Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին, իսկ Վանաձորում և Արտաշատում անհայտ անձինք հանել էին։ Բոլոր դրոշները կրկին վերականգնվել են։
ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արա Նախշքարյանն ընդգծեց` դրոշի տեղադրմամբ ցանկանում են հասարակությանը մի փոքր մոտ պահել ազգային արժեքներին։
Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը
«Պետականության կայացման գործում մարդ պետք է ունենա իր սեփական մտածելակերպը։ Վստահ եմ` բացի նրանից, որ դրոշները տեղադրվում են քաղաքում, առաջիկայում կտեսնեք պատշգամբներից կախված, խանութների, ինչպես նաև տարբեր այլ հիմնարկությունների պատերին»,– ասաց Նախշքարյանը։
Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը
Ազատամարտիկ, գրող Մնացական Մուրադյանն էլ շեշտեց` այս միջոցառումն իր մեջ խորհուրդ է կրում, որն իրենք փոխանցում են հասարակությանը։
«Տա Աստված, որ մեր միասնությունը ավելի տարածվի ու վարակիչ դառնա։ Սա շատ կարևոր միջոցառում է, և կարծում եմ, որ բացի այս քայլերից, որոշակի այլ քայլերով մենք մեր կորցրածը հետ կբերենք»,– ասաց ազատամարտիկը։
Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։
Դրոշը տեղադրվել է նաև Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերում։