ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ջիհադ Յայչըն հայտարարել է Բոսֆորի նեղուցում մեծ աղետի հավանականության մասին՝ Սև ծովում կուտակվող ականների առկայության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Gercek Gundem պարբերականին:
«Անհրաժեշտ միջոցառումներ են անցկացվում։ Սակայն հարյուր տոկոսանոց անվտանգության միջոցներ գոյություն չունեն։ Եթե այդ ականներից մեկը հայտնվի նեղուցում, մարդկանց մահվան, աղետի կհանգեցնի։ Հաշվի առնելով, որ աշխարհի նավթի երկուսուկես տոկոսն առաքվում է մեր նեղուցների միջոցով, աշխարհի համար կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Եթե պայթյունավտանգ բեռներ տեղափոխող նավերից մեկը պայթի Բոսֆորի ականի վրա, մեծ վտանգ կառաջանա»,-ասել է փոխծովակալը։
Նրա խոսքով՝ «միանգամայն ակնհայտ է, որ ուկրաինական կողմն է ականները բաց թողել ծով»:
«Պատճառներ չկան։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դներ այդ ականները։ Ինչի՞ համար է Ռուսաստանին պետք ականապատել Ուկրաինայի ափը, որ չմոտենա՞ դրան։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խանգարեր սեփական առևտրին՝ Սև ծովում ականներ թողնելով։ Ռուսաստանը ծովով է ապահովում ինչպես նավթահումքի, էներգակիրների, հացահատիկի, այնպես էլ այլ արտահանվող ապրանքների փոխադրումը։ Այլ կերպ ասած՝ ականներն առավել լուրջ են անդրադառնում Ռուսաստանի ծովային առևտրի վրա։ Ուկրաինան ռազմական նավ էլ չունի։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ծովում ականներ դներ Ուկրաինային խանգարելու համար»,- ասել է Յալչին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը:
Թուրքիայի ՊՆ-ն ավելի վաղ երեք անգամ հայտարարել էր Սև ծովում կուտակվող ականների հայտնաբերման մասին։