ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրների գործողություններն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին վտանգավոր են և սադրիչ, դրանք կարող են հանգեցնել ուղղակի ռազմական դիմակայության Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը «Կիևի ռեժիմի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու ցանկության» արդյունք է միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:
«Ուկրաինայում հատուկ գործողությունն արդյունք է այն բանի, որ Կիևի ռեժիմը չի ցանկանում կանգնեցնել ռուսների ցեղասպանությունը՝ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան իր պարտավորությունները կատարելու միջոցով», - ասել է նա Newsweek ամերիկյան պարբերականին:
Անտոնովի խոսքով ՝ Մինսկի պայմանավորվածությունների «մահը» դարձավ ազգայնական խելահեղության և Կիեւի ռեժիմի ռեւանշիստական տրամադրությունների պատճառ։ Կիևն ընտրել է արագ ռազմականացման ուղին:
Անտոնովն արձանագրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վարում էին Ուկրաինայի ռազմական յուրացման քաղաքականություն. այդ երկիրը լեփ-լեցուն էր արևմտյան սպառազինությամբ, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց միջուկային զենք ձեռք բերելու պլանների մասին: Եվ հիմա էլ Արևմուտքն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում։
«Արևւմտյան պետություններն անմիջականորեն մասնակցում են ընթացիկ իրադարձություններին, քանի որ շարունակում են Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել՝ դրանով իսկ հետագա արյունահեղություն հրահրելով», -ասել է Անտոնովը:
Նա նաև ընդգծել է, որ արևմուտքից զենքի և ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարում, որն իրականացվում է Ուկրաինայի տարածքով տրանսպորտային ավտոշարասյուներով, օրինական ռազմական նպատակ է Ռուսաստանի ԶՈւ–ի համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։