Ուկրաինական զորքերը հարվածել են Կրամատորսկի ուղղությամբ, բեկորներն ընկել են կայարանի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տելեգրամ ալիքը։
«Կրամատորսկի երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ տարհանում են տեղի բնակչությանը, հրթիռային հարվածներ են հասցվել։ «Տոչկա-Ու» հրթիռի բեկորներն ընկել են կայարանի անմիջական հարևանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինի խոսքով` ուկրաինական իշխանությունները սադրանք են իրականացրել. նրանք նախ հայտարարել են Կրամատորսկից և Սլավյանսկից տարհանման մասին, իսկ հետո «Տոչկա-Ու» հրթիռով հարված հասցրել։ Արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ, վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։